Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարարությունը ֆրանսիացի երեք դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել «վնասարար գործունեության համար» և հրամայել նրանց լքել երկիրը։ Այս մասին հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Ուագադուգուում Ֆրանսիայի դեսպանատան ստացած նոտան։
«[Դիվանագետները] Բուրկինա Ֆասոյում պերսոնա նոն գրատա են հայտարարվել վնասարար գործողություններ իրականացնելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ նրանք պետք է «լքեն Բուրկինա Ֆասոյի տարածքը մոտակա 48 ժամվա ընթացքում»։ Ըստ AFP-ի՝ երեք դիվանագետներից երկուսը եղել են քաղաքական խորհրդականներ:
Դեկտեմբերին գործակալությունը հայտնել էր, որ Բուրկինա Ֆասոյի իշխանությունները լրտեսության կասկածանքով դիվանագիտական անձնագրերով Ֆրանսիայի չորս քաղաքացու են ձերբակալել։ Ըստ ֆրանսիական կողմի, նրանք նոյեմբերի վերջին ժամանել էին Ուագադուգու դիվանագիտական առաքելության հրավերով՝ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար, և դեկտեմբերի 1-ին ձերբակալվել էին ոստիկանության կողմից։ Ըստ AFP-ի անանուն դիվանագիտական աղբյուրի, Ֆրանսիան «հերքում է այն պնդումները, թե այդ մասնագետները Բուրկինա Ֆասո են ուղարկվել ոչ համակարգչային սպասարկման համար»:
Ֆրանսիայի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ 2022 թվականի սեպտեմբերին աֆրիկյան երկրում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում իշխանությունը ստանձնեց Իբրահիմ Տրաորեի գլխավորած ռազմական խմբավորումը: Երկրի նոր ղեկավարությունը հայտարարեց կառավարության ցրման, սահմանադրության և քաղաքական ցանկացած գործունեության կասեցման մասին։




























