Երեւանի ավագանու նիստում, այսօր նոյեմբերի 15-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը հայտարարել է, որ իրենք ոչ միայն թեկնածու չեն առաջադրում, այլեւ պաշտպանում են Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Քիչ անց Երեւանի ավագանիում սկսվելու է փակ գաղտնի քվեարկությունը:
Տարոն Մարգարյանը կարճ ելույթ է ունեցել, նշելով, որ այսուհետ ավելի եռանդով կաշխատի եւ խոստացել արդարացնել երեւանցիների հույսերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին: Հոկտեմբերի 31-ին ՀՀԿ խորհրդի նիստում Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն առաջադրել էր Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի վերջին հրաժարական տվեց: Քաղաքի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:



























