Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնանկության մասին լուրերը բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` մարզպետը, հավելելով, որ 11 տարի է` խոսում են այդ մասին, բայց ինքը պաշտոնավարում է եւ շարունակելու է պաշտոնավարել: Մամուլում տարածված տեղեկությունները, թե Կովալենկո Շահգալդյանը մարզպետի պաշտոնում, նոյեմբերի 14-ին տոնեց իր վերջին տարեդարձը, նա պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, դեռ մի տարի կա, գուշակություններին չեմ հավատում»:
Նրա խոսքով` որեւէ պաշտոնատար այր իրեն չի կանչել եւ հայտնել, որ շուտով պաշտոնանկ կանեն: «Եթե ասած լինեին, ապա պաշտոնանկ արած կլինեին: Եթե կանչած լինեին, ես արդեն դիմում կներկայացնեի Կառավարությանը եւ պաշտոնում չէի մնա»,- նշեց Կովալենկո Շահգալդյանը:
Ի դեպ, նոյեմբերի 14-ին, «Օջախ» ռեստորանային համալիրում նա տոնել է իր ծննդյան 65-ամյակը, որին ներկա են եղել բոլոր մարզպետները, փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ այլ պաշտոնատար այրեր: Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ նշել, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա եղե՞լ է խնջույքին, թե` ոչ: «Դա ընտանեկան միջոցառում է, գոնե այդտեղ մի մտեք էլի»,- նշեց Կովալնեկո Շահգալդյանը: Իր 65 ամյակի կապակցությամբ հրավիրյալները նվերներ չէին բերել մարզպետին, քանի որ, նրա խոսքով, այդ միջոցառումը առանց նվերի էր, ինքն այդպես էր ցանկացել:




























