Նոյեմբերի 15-ից մեկնարկել է աշնանային զորակոչը:  Սահմանված կարգի համաձայն, մինչեւ դեկտեմբերի 31-ը 18 տարին լրացած պատանիները, ինչպես նաեւ այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, համալրելու են հայոց բանակի շարքերը: Զորակոչի առաջին օրը Գյումրիից մեկնել են 20 պատանիներ:

«Կա պաշտպանության նախարարի հստակ հրահանգը, բանակ չեն զորակոչվելու հիվանդ զինծառայողներ»,-ասել  է Գյումրիի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանը: Հիվանդությունների աճ զորակոչիկների շրջանում չի նկատվում, սակայն բժիշկ մասնագետների խոսքով, մեծ թիվ են կազմում վիրաբուժական եւ հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկները:

«Հիմա ազգային բանակ զորակոչվում է հետերկրաշարժյան սերունդը, եւ բուժզննումների ընթացքում ի հայտ եկած հիվանդությունները հիմնականում բժիշկ մասնագետները պայմանավորում են սոցիալական ծանր վիճակով»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ավագ բժիշկ Ռուզաննա Ալեքսանյանը: Բացի այդ, նրա խոսքով, դպրոցներում նախազորակոչային պատրաստություն եւ ֆիզկուլտուրա առարկաներին պատշաճ ուշադրություն չեն դարձնում: