Թուրքական լրատվամիջոցները պնդում են, թե օրեր առաջ Իզմիթ- լաստանավը առեւանգած եւ ոստիկանության կողմից սպանված PKK-ի զինյալ Մենսուր Գյուզելը հայ էր:

Թուրքական Habervaktim կայքն այս տեղեկությունը ներկայացնում է շոկային` կրկին հայ լինելը խիստ բացասական երանգով ներկայացնելով:  Մենսուր Գյուզելի հայ լինելը բացատրում են նրանով, որ նա Դիարբեքիրի Քուլփի շրջանի Այհան գյուղից է, որը մինչեւ 1915-ը եղել է հայկական բնակավայր: Նշվում է, թե Մենսուր Գյուզելի հարազատները կրում են հայկական անուններ, օրինակ` Ոստոյան ազգանունն ու Հակոբ անունը:

Նշենք, որ նոյեմբերի 11-ի երեկոյան Իզմիթ-Գյոլջուք ուղերթն իրականացնող «Քարթեփե» լաստանավը առեւանգվել էր PKK-ի զինյալ Մենսուր Գյուզելի կողմից: Լաստանավի վրա գտնվում են 19 ուղեւոր եւ նավի անձնակազմը` 4 հոգի:  Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները առավոտյան կոմղ գրոհով վերցրել են լաստանավը` սպանելով Մենսուր Գյուզելին: 

Նշվում է, որ Մենսուր Գյուզելը լաստանավի առեւանգումով փորձել է հանրության ուշադրությունը բեւեռել քրդական խնդրի վրա: 

Դիարբեքիրում նոյեմբերի 15-ին տեղի ունեցել Մենսուր Գյուզելի թաղման արարողությունը, որին մասնակցել է 20 հազարից ավել մարդ: Ոստիկանությունն ամեն կերպ խոչնդոտել է թաղման արարողությանը` մասնակիցների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ օգտագործելով: