Ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողները, նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գուրգեն Մահարիի փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ նրանցից մեկի «Մերսեդես-Բենց C-200» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ` 10 սմ շեղբի երկարությամբ:
Երիտասարդները բաժնում խոստովանել են, որ հոկտեմբերի 14-ի գիշերը, հարմարեցված բանալիով բացելու միջոցով, Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի մոտ կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել են գազի բալոնը` պատճառելով 105.000 դրամի նյութական վնաս:
«Մերսեդես-Բենց C-200»-ի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված գազի բալոնը:
Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:


























