Ռուսաստանում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 26 լրագրող է դատապարտվել կամ ձերբակալվել։ Ըստ «Верстка»-ի՝ ամենից հաճախ այդ լրագրողները մեղադրվում են ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3 հոդված)։ Պարբերականի մեջբերած տվյալները վերաբերում են 2019- 2024 թվականներին: Այդ ընթացքում ՌԴ դատարաններն իրական պատժի են դատապարտել 11 լրագրողի։ Առավելագույն պատժի՝ 22 տարվա ազատազրկման է դատապարտվել 2022 թվականին «Կոմերսանտի» և «Վեդոմոստիի» նախկին թղթակից Իվան Սաֆրոնովը՝ դավաճանության գործով։ Դատարանը նվազագույն պատժի՝ շորթման գործով երկու տարվա ազատազրկման է դատապարտել «МК Черноземье»-ի նախկին հրատարակիչ Դենիս Շայկինին։

Դատարանը պայմանական պատիժ է սահմանել երկու լրագրողների՝ Արտեմ Պրոխորովի (2,5 տարի) և Վլադիմիր Պանֆիլովի (3 տարի) նկատմամբ։ Լրագրող Անդրեյ Նովաշովը դատապարտվել է ութ ամսվա պարտադիր աշխատանքի։ Իսկ Forbes-ի լրագրող Սերգեյ Մինգազովին դատարանը տնային կալանքի է ենթարկել։ Ըստ «Верстка»-ի՝ տասը լրագրող ներկայում քննչական մեկուսարանում են։ Նրանց շարքում են «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան և The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը։

Ամենից հաճախ Ռուսաստանում լրագրողները քրեական հետապնդման են ենթարկվում ռազմական «կեղծիքների» մասին հոդվածով. սույն հոդվածը հիշատակվում է յոթ քրեական գործերում։ Ռուսաստանի իշխանությունները վեց լրագրողների քրեական հետապնդում են՝ ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և ծայրահեղական ընկերակցությանը մասնակից լինելու մեղադրանքով։ Հինգ լրագրող մեղադրվում է շորթման մեջ։

Միաժամանակ, ուժայինները լրատվամիջոցների աշխատակիցներին մեղադրում են պայթուցիկներ պահելու, պաշտոնատար անձանց վիրավորելու, խուլիգանության, դավաճանության, լրտեսության, իշխանության բռնի զավթման նախապատրաստման, ինչպես նաև մի շարք ահաբեկչական հանցագործությունների համար։ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, հակապատերազմական ակտիվիստների նկատմամբ գրեթե ամեն օր գործ է հարուցվում իրենց դիրքորոշման առնչությամբ։

Ըստ ՌԴ քննչական կոմիտեի՝ 2024 թվականի հունվարի դրությամբ պատերազմի սկզբից ի վեր զինվորական «կեղծիքների» առնչությամբ 273 քրեական գործ է հարուցվել։ Եվս 81 քրեական գործ է հարուցվել ռուսական բանակը «վարկաբեկելու» հոդվածով։ Ըստ «ОВД-Инфо»-ի՝ 2022 թվականի մարտից մինչև 2024 թվականի հունվարը «կեղծիքների» գործով ներգրավվել է 282 մարդ, իսկ «վարկաբեկման» գործով՝ 177 մարդ։