«Ձեզանում օբյեկտիվության պակաս է զգացվում». Վրաստանի արտգործնախարարությունը բանավեճի մեջ է մտել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ և հայտարարել, որ Վրաստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ նրա գնահատականները բռնություն են բորբոքում:
«Թեև քաղաքական ընդդիմությանն առնչվող և արտասահմանից ֆինանսավորվող արմատական խմբավորումները իրավապահ մարմինների նկատմամբ լայնամասշտաբ բռնությունների են դիմել կառավարական հաստատությունների դիմաց, Վրաստանի իրավապահները, բացառությամբ մի քանի ցավալի դեպքերի, գործել են մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,- ըստ Новости Грузия-ի՝ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն։
Սա Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության պատասխանն էր՝ Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ նրա ահազանգին։
Վրաստանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ԱԳՆ-ին առաջարկում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին ավելի ուշադիր հետևել և օբյեկտիվ եզրակացություններ անել։
«Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարությունը ձեռնպահ մնաց Ֆրանսիայի հասցեին քննադատական հայտարարություն անելուց անգամ, երբ Փարիզում իրավապահները ցուցարարներին դիմակայում էին մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին լիովին չհամապատասխանող դաժան մեթոդներով»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:





























