Ռուսաստանը ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցներով նախատեսված սահմանաչափից ավելի գաղտնի նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային։ Ըստ BBC-ի՝ դրա մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաժամանակ արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների պահպանման մոնիտորինգի փորձագիտական խմբի մանդատի երկարաձգումը։ Արդյունքում խումբը մայիսի 1-ից դադարեցրել է աշխատանքը։
«Մոսկվան վետո է դրել խմբի մանդատի երկարաձգման վրա, և, միևնույն ժամանակ, Ռուսաստանը նավթամթերք է տեղափոխում Վոստոչնի նավահանգստից ԿԺԴՀ»,- ճեպազրույցում ասել է Քիրբին։
Խոսնակը հավելել է, որ միայն մարտին Ռուսաստանը Հյուսիսային Կորեա է ուղարկել 165 հազար բարել նավթամթերք, մինչդեռ պատժամիջոցների պայմաններով Փհենյանին թույլատրվում է տարեկան ընդամենը 500 հազար բարել նավթամթերք ներմուծել։


























