Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակին, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։
Նշվել է, որ պարգեւի հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին։ Հանդիսավոր խոսքով հանդես կգա Գերմանիայի նախկին նախագահ Յոահիմ Գաուկը, տեղեկացրել է epd-ը՝ հղում կատարելով միջոցառման կազմակերպիչներին։
Գործակալության տվյալներով՝ Գաուկը պատշաճը կմատուցի ընդդիմադրին որպես «բոլոր կարգին ռուսաստանցիների օրինակ»։ 10 000 եվրոյի չափով մրցանակը կընդունի նրա այրին՝ Յուլյա Նավալնայան։
«Ընդդիմադիր քաղաքական գործչի դիմադրությունը եղել եւ մնում է ոգեշնչող օրինակ բոլոր իրավապաշտպանների համար, որոնք շարունակում են նրա գործունեությունը»,- այսպես է կազմակերպչական խումբը հիմնավորել հետմահու 2024թ. մրցանակը հանձնելու պատճառը։
Դրեզդենի խաղաղության մրցանակը շնորհվում է ամեն տարի 2010-ից ի վեր։ Մինչեւ 2024թ. հանձնման արարողությունը տեղի է ունեցել Զեմպերի օպերային թատրոնում փետրվարի 13-ին՝ Դրեզդենում պատերազմի հիշատակի օրը։ Այս տարի մրցանակն առաջին անգամ կհանձնվի Դրեզդենի պետական դրամատիկական թատրոնում մայիսի 12-ին։ Մրցանակի հովանավորն է Կլաուս Չիրայի՝ SAP գերմանական ընկերության հիմնադրի հիմնադրամը։
Դրեզդենի խաղաղության մրցանակը ամեն տարի շնորհվում է այն անձանց, ովքեր նշանավոր ավանդ են ներդրել խաղաղության եւ միջազգային փոխըմբռնման գործում։ Նախորդ դափնեկիրներից են ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, իսրայելցի դաշնակահար եւ դիրիժոր Դանիել Բարենբոյմը, ամերիկացի վավերագիր-լուսանկարիչ Ջեյմս Նահթվեյը, ինչպես նաեւ ռազմական վերլուծաբան Դենիել Էլսբերգը։



























