Չնայած, որ Սարգիս Կարնիկօղլուն վերջին հայերից է, որ մնացել են Կենտրոնական Անատոլիայի Տալաս քաղաքում եւ նահանգի կենտրոն Կայսերիում, նա ոչ մի կերպ մտադիր չէ լքել հարազատ վայրերը, գրում է թուրքական Hurriyet-ը: 50-ամյա Կարնիկօղլուն պարբերաբար այցելում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արարողությանը եւ մասնակցում է ամենօրյա աշխատանքներին:
«Իմ ընտանիքը այս քաղաքում լավ հայտնի եւ հին ընտանիքներից է: Ես մեր ընտանիքի վերջին անդամն եմ: Եւ իմ մտքով երբեք չի անցել լքել այս վայրը: Ես իմ հոգին Աստծուն կավանդեմ հենց այստեղ: Կայսերիից դուրս ես ինձ կզգայի ինչպես ձուկը՝ ջրից դուրս»,- ասում է Կարնիկօղլուն:
Կարնիկօղլուն պատմում է նաեւ, որ "Կայսերին հարազատ տուն էր շատ հայերի համար մինչեւ 60-ականները: Բայց շատերն արտագաղթել են ԱՄՆ եւ Եվրոպա՝ 80-ականների վերջին: Կայսերիի հայտնի հայերից մեկը՝ Հակոբ Մարթայանն է թուրքական այբուբենի հեղինակը, ինչի համար Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը երկրում ազգանուններ մտցնելուց հետո նրան պարգեւատրել է «Dilaçar» ազգանունով, ինչը թարգմանաբար նշանակում է «լեզվագետ»: Նա նաեւ Աթաթուրքի ստորագրության հեղինակն է:
Կայսերիի հայտնի մարդկանցից էին նաեւ Պալայաններն ու Գյուլբենկյանները: Պալայանները Օսմանյան կայսրության ժամանակ հայտնի ճարտարապետներ էին: Ստամբուլի բազմաթիվ եկեղեցիների, մզկիթների, պալատների եւ վիլլաների վրա կարելի է տեսնել նրանց ընտանեկան ստորագրությունը: Գյուլբենկյանները զբաղվել են առեւտրով եւ մեծ դեր են խաղացել նավթի միջազգային առեւտրում: Նրանք գեղարվեստի մեծ հավաքածու ունեին, որը ցուցադրվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում եւ պատկանում էր Գալուստ Գյուլբենկյանին, գրում է թուրքական պարբերականը։




























