«Արմթեք 2009» համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռենեսանս» և «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ընդունել է նաև մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին:
«Արմթեք 2009» համաժողովի գալա ընդունելության ժամանակ Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին ու հյուրերին: Կառավարության ղեկավարը նշել է, որ «Սիլիկոնային հովտում» գտնվելու ընթացքում պարզ է դարձել ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի մասով ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը: «Դրանք արդեն հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ փորձում էինք իրականացնել, ասել է վարչապետը: Պարզվում է, որ մենք պետք է վերալիցքավորվենք, ինչի հնարավորությունը տալիս է „Արմթեքը“: Երկրորդ, խոշոր ընկերություններից մեկի հետ մեր հանդիպումների ժամանակ առաջ քաշվեց գաղափար, որն ինձ առաջին փուլում ապշեցրեց, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ խոշոր ընկերությունները պետք է գան Հայաստան: Աշխարհը դառնում է շատ փոքր, գլոբալ ընկերությունները մրցակցում են այդտեղ: Արդեն ազատ տեղ չի մնացել»,- ասել է Տ. Սարգսյանն ու հավելել. «Բոլոր այն տարածքները, որտեղ մենք փորձում ենք դիրքավորվել, զբաղված են այսօր և վաղը: Մենք ուշացել ենք` նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերական առավելությունը»:
Ինչպես միշտ, այս անգամ եւս վարչապետը խոսել է «Հայկական աշխարհից»,- ասելով. «Հայկական աշխարհը իրականություն է: Մեզ պետք է հետաքրքրի ոչ թե հայկական աշխարհի ձևավորման խնդիրը, որովհետև այն կա, այլ դրա ապագան. ինչպիսի փոփոխությունների մենք պետք է ենթարկվենք, ինչպես պետք է փոխենք Հայկական աշխարհի ավանդական կառույցները, մեր երկիրը»: ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրներին, ներկայացրել է ՀՀ դիրքորոշումն ու ՀՀ նախագահի` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված նախաձեռնությունը:
Աշխատանքային այցի վերջին օրը Տ. Սարգսյանն այցելել է Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատոր, շրջել ընկերությունում, ծանոթացել նրա ծրագրերին, հնարավորություններին: Ինկուբատորի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Plug and Play-ի համագործակցության, ինչպես նաև Հայաստանի հետ ինկուբատորի կողմից ծրագրերի կազմման ու իրականացման վերաբերյալ:



























