Էրեբունու ոստիկանության բաժնում եմ, 17 անձ անհիմն բերման է ենթարկվել, այդ թվում Հաղարծինի վանահայր Հայր Սամվելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը:

Ավելի ուշ Հարությունյանը հայտնել է, որ վանահորը ազատ են արձակել։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։