Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին, սակայն  կոնկրետ հետեւանքները կքննարկվեն դրա հաստատումից հետո, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին։ Մենք արդեն ասել ենք, որ մեր կարծիքով այս օրենքը վտանգ է ներկայացնում Վրաստանի եվրոպական նկրտումների համար։ Մենք ակնկալում ենք, որ քաղաքական առաջնորդները դա չեն անի, բայց նաև հասկանում ենք, որ քննարկումները շարունակվում են։ Եթե ​​այս օրենքն ընդունվի, այն լուրջ խոչընդոտ կդառնա Վրաստանի եվրոպական ճանապարհին։ Բայց կոնկրետ հետեւանքները մենք կքննարկենք այս օրենքի ընդունումից հետո, արձագանքը կքննարկվի ԵՄ անդամ երկրների հետ»,- ասաց Ստանոն։

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պետք է քվեարկեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ: Միաժամանակ, Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունենում։