«Խոզի գրիպ»-ով հիվանդացության եւս ութ դեպք է գրանցվել Ադրբեջանում։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ներկայումս 2 հիվանդ գտնվում են ստացիոնար, իսկ մնացածները ամբուլատոր բուժման մեջ։ Նրանց վիճակը գնահատվում է իբրեւ բավարար։
«Հիվանդներից երեքը եկել են Ուկրաինայից, մեկը՝ Թուրքիայից։ Նրանք հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ են։ Մեկը Անգլիայի քաղաքացի եւ երեքը Բաքվի բնակիչ։ Վերջիններս շփման մեջ են եղել Ուկրաինայից ավելի վաղ ժամանած հիվանդների հետ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է, Trend News-ը, երկիր ներթափանցած A(H1N1) վիրուսի պատճառով Ադրբեջանի առողջապահության նախարարության մեջ մտնող բոլոր բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Նախարարությունը հանձնարարել է ողջ բուժանձնակազմին՝ երկրում անցկացնել պրոֆիլակտիկ միջոցառումներ։
Ադրբեջանին վարակի դեմ առաջին պատվաստանյութը Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը կտրամադրի նոյեմբերի վերջին։


























