Հայաստանի ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է Հայաստանում խաղային ոլորտի կարգավորման եւ վերահսկողության մասին հայեցակարգը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ այդ բավականին հետաքրքիր ուսումնասիրությունից:

Շահումով խաղերը այնքան հին են, որքան հասարակությունը: Առաջին անգամ չինացիները կիրառեցին զառեր, հռոմեացիները գրազ էին գալիս գլադիատորների եւ առյուծների վրա: Անգլիացիները խաղում էին խաղաքարտերով: Առաջին օրինական խաղատունը  բացվեց 1765թ. Բադենում, որը հանդիսանում է խաղատան հայրենիքը:

1776թ. ԱՄՆ-ում սկսեցին օգտագործվել տարբեր տեսակի օրինական շահումով խաղեր` հաստատված ԱՄՆ-ի նորաստեղծ կառավարության կողմից` երկրի համար փող հայթայթելու նպատակով: Երկու հարյուր տարի անց խաղատները թույլատրված էին միայն Նեւադայում, իսկ Նյու Հեմփշիրը միակ նահանգն էր, որտեղ գոյություն ուներ վիճակախաղ:

Նապոլեոնն օրինականացրեց ֆրանսիական խաղատները 1806թ.-ին: Մոնակոն, որը ֆինանսական դժվարությունների հանդիպեց 1860թ.-ին,  բացեց շքեղ Մոնտե Կառլո խաղատունը` խթանելու իր անկում ապրող տնտեսությունը:

Շատ երկրներում կիրառվում են արգելքներ ու սահմանափակումներ: Կիպրոսում, Իռլանդիայում խաղատների հիմնումը լիովին արգելված է: ԵՄ անդամ երկրների մեծամասնությունում խաղատուն մտնելու համար նվազագույն տարիքը 18 տարեկանն է:

Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտն ունի ավելի քան 17 տարվա պատմություն: Խաղային գործի կազմակերպման  բնագավառում չունենալով այնպիսի դարավոր ավանդույթներ, ինչպիսիք ունի Արեւմտյան Եվրոպան եւ ԱՄՆ-ը` Հայաստանը խաղային  գործունեության ընթացքում անցել է իր ուրույն ուղին: Ի սկզբանե ՀՀ-ում հնարավորություն է ստեղծվել ցանկացած տնտեսվարող սուբյեկտի համար կազմակերպել շահումով խաղ: 2000 թվականից շահումով խաղի եւ խաղատան կազմակերպման լիցենզիայի տարեկան պետական տուրքը սահմանվեց համապատասխանաμար 5 մլն եւ 25 մլն դրամ: ՀՀ-ում խաղային գործի  բնագավառում տրամադրվում են 4 տեսակի ` ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղի, խաղատան եւ վիճակախաղի (ներառյալ տոտալիզատոր) կազմակերպման լիցենզիաներ: Խաղատուն է համարվում այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ, (խաղեր) եւ (կամ) շահագործվում են 20-ից ավելի մեքենայացված խաղեր:

Ներկայումս ՀՀ-ում խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից շահագործվում են խաղային ավտոմատներ, որոնց ծրագրային ապահովումը չի ենթարկվում սերտիֆիկացման: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, գրեթե բոլոր երկրներում խաղային ավտոմատների խաղային ծրագրերը սերտիֆիկացվում եւ կոդավորվում են: