ԱԺ ընտրություններից 6 ամիս առաջ «Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին» օրինագիծ ներկայացնելը PR-ի տարրեր է պարունակում: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, հավելելով, որ օրինագծում լուրջ թերություններ կան:
«Օրենքը ունի ցավոտ կողմ, գաղափարախոսությանն ընդհանուր գծերով կողմ եմ, բայց մեխանիզմներին դեմ եմ»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ 90-ականների սկզբներին Հայաստանում տեղի չունեցավ գաղտնազերծման գործընթաց, ասուլիսի մյուս բանախոս, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրն այն էր, որ մտածում էին, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն է եղել, եւ պետք չէ ցավոտ քայլերի գնալ»: Նրա խոսքով, տարբեր երկրներում նման գործընթաց իրականացվել է եւ բավական հաջող: Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ կողմ է լյուստրացիայի անցկացմանը:
«Մենք պե՞տք է դատապարտենք 37 թվականը, 49 թվականը, ինչպե՞ս ենք դատապարտելու: Դա պետք է լինել հրապարակային: Մենք հեծանիվ չենք հայտնագործելու»,- ասաց նա ու շարունակեց. «Լիտվայի խորհրդարանում, այդ երկրի նախագահն օրենքի ընդունմանն ասաց, մենք պետք է ներկայացնենք, թե ինչպես են խեղվել մարդկային ճակատագրերը, իսկ դուք այսօր խոսում եք գործակալի տեսանկյունից, թե աշխատել է, ոչինչ»:
Իրավապաշտպանի համոզմամբ, հստակ տարանջատում պետք է դնել ԱԱԾ-ի եւ ԿԳԲ-ի միջեւ եւ օրինագծին պետք է նայել մարդու, այլ ոչ թե ԿԳԲ-շնիկի տեսանկյունից:
Ի պատասխան Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Դուք գաղափարն եք քննարկում, մենք ասում ենք, օրինագիծն է թերի»: Նա մտավախություն հայտնեց, որ այս օրինագծի ընդունմամբ կարող է վերադառնալ 1937 թվականը, որ ցուցակներում տարբեր մարդկանց անուններ կարող են ընդգրկվել:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք քարոզարշավի տարրեր կա՞ն այս նախաձեռնությունը ներկայացնելու հարցում, Վարդան Հարությունյանը չբացառեց նման հնարավորությունը, բայց շարունակեց, որ դրա մեջ վատ բան չի տեսնում. «Եթե նման բան էլ կա, շատ նորմալ է»:
Հիշեցնենք, որ «Լյուստրացիայի մասին» օրինագիծը ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցությունը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:



























