Կանադական «սուպերխոզերը»՝ ընտանի խոզերի եւ եվրասիական վայրի վարազի խառնուրդները, կարող են լցվել ԱՄՆ տարածք՝ երկրին մեծ վնաս պատճառելով, տեղեկացրել է Business Insider պորտալը։
«Սուպերխոզերը» Կանադա են բերվել 1980-ականներին՝ որպես ավելի խոշոր եւ ձմեռային պայմաններին ավելի լավ հարմարվող տեսակ, բայց զրոյականների սկզբին շատ առանձնյակներ, քանի որ պահանջարկը նվազել էր, պարզապես բաց թողնվեցին վայրի բնություն, որտեղ նրանց պոպուլյացիան սկսեց սրընթաց աճել։ Նշվել է, որ այժմ «սուպերխոզեր» կարելի է գտնել կանադական նահանգների մեծ մասում։
Դրանք «աղետ են շրջակա միջավայրի համար», նշել է պորտալը։ Կենդանու քաշը կարող է հասնել 270 կիլոգրամի, այն ուտում է ամեն ինչ՝ բույսերից մինչեւ գորտեր ու թռչուններ։ Դրանք ոչնչացնում են գյուղատնտեսական բերքը, հիվանդություններ են փոխանցում, որոնք վտանգավոր են նաեւ մարդու համար։
Ըստ գիտնականների՝ ամերիկյան Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա նահանգները, ինչպես նաեւ Մինեսոթայի հյուսիսիային մասը «ամենախոցելին» են «սուպերխոզերի» առումով։
Վայրի խոզերն ԱՄՆ-ում, գյուղատնտեսության նախարարության հաշվարկներով, երկրին ամեն տարի պատճառել են 2,5 մլրդ դոլարի վնաս։ Դրանց մես մասը հարմարվել է Կալիֆոռնիայի, Տեխասի եւ Ֆլորիդայի տաք կլիմային։
Ինչպես Կանադան, այնպես էլ ԱՄՆ-ը բախվում են դժվարությունների վայրի խոզերի գլխաքանակը նվազեցնելու հարցում։ Գիտնականների կարծիքով՝ որսը ԱՄՆ-ում տարածված միջոց է վայրի բնության մեջ ապրող պոպուլյացիաների վերահսկման համար, բայց այս դեպքում այն արդյունք չի տա, քանի որ «սուպերխոզերը» բազմանում են չափազանց արագ, ինչպես նաեւ արագ հարմարվում են ու դառնում ավելի «թաքուն»։





























