«Մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելը մեր նման փոքր հանրապետության համար առասպելական բարդության նախագիծ է»,- նոյեմբերի 9-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը։
Նշելով, որ մետրոյի յուրաքանչյուր կայարան կառուցելու համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է շուրջ 300 մլն դոլար, նա նկատեց, որ «մեր պետությունն իր սուղ միջոցներով նման հատկացումներ իրեն թույլ տալ չի կարող»։ Հարցին, թե այդ դեպքում որտեղի՞ց պետք է հայթհայթել վերոնշյալ գումարները, Ն. Վարդանյանը հստակեցրեց, որ նախագիծն իրականացնել հնարավոր է միայն Համաշխարհային բանկից եւ միջազգային խոշոր այլ կառույցներից ստացվող հատկացումների հաշվին։ Նրա խոսքով, անհրաժեշտ գումարների առկայության պարագայում առաջինը կսկսվի դեպի Աջափնյակ ձգվող կայարանի շինարարությունը. դրան կհաջորդի Կոմիտասից Նորքի զանգվածներ տանող երկաթգծերի կառուցումը։
«Աշխարհում չկա մեր երկրի նման փոքր մեկ այլ երկիր, որի մայրաքաղաքը մետրոպոլիտեն ունենա. այս առումով մենք բացառություն ենք»,- հավելեց Ն. Վարդանյանը։
Անդրադառնալով Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վերանորոգման խնդիրներին՝ ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց, որ դեռեւս 2008թ. կառավարության կողմից մշակված հնգամյա ծրագրի շրջանակներում մետրոպոլիտենում այսօր վերանորոգման աշխատանքներ, ի դեմս տանիքների նորացման, մուտքի դռները փոխելուն եւ ուկրաինական արտադրության տուրնիկետներ ներկրելուն, շարունակվում են։ Նրա խոսքով, սա դեռ ծրագրի մի մասն է, եւ նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։



























