Ես նման համագործակցության մասին տեղեկացված չեմ, երկրորդը, որեւէ փոխկապակցում ինձ, մեր ընտանիքին որեւէ մի գնման հետ կապված՝ լինի պետական, թե համայնքային գնումներ, իրականության հետ որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքապետարանը ծառեր է ձեռք բերել  մի ընկերությունից, որը համագործակցել է իր ընտանիքին պատկանող ընկերության հետ  մեկ այլ պրոյեկտի՝ «Երեւան Պարկ»-ի շրջանակներում, արդյոք այստեղ կոռուպցիոն ռսիկեր չկան:

Դիտարկմանը, որ այդ ընկերության սեփականատերը հայտարարել է, որ այո, ինքը Արմեն Ավինյանի հետ համագործակցել է կոնկրետ պրոյեկտի շրջանակներում, քաղաքապետն ասաց. «Օրինակ, եթե ձեզ հետ փոխկապակցված որեւէ ընկերություն, ձեր հորեղբոր տղայի ընկերությունը տենդերում հաղթի եւ պարզվի, որ մենք այսօր այստեղ իրար հետ խոսել ենք, արդյոք կստացվի, որ ձեր հորեղբոր տղան կոռուպցիոն գործարքի մեջ է թաթախված: Կներեք, բայց աբսուրդն էլ չափ ու սահման ունի:

2018-ից առաջ, հասկանում եմ, բազմաբույլ էր այս թեման, կոռուպցիա կար, քննարկելու բան կար: 2018-ից հետո այդ բովանդակությունը թուլացել է, արդեն մատից ենք սկսել ծծել սենց բովանդակություն»: