Առողջապահության նախարարության տվյալներով` աղետի գոտի հայտարարված Լոռիում և Տավուշում այժմ չկան հիվանդացության բարձրացման տվյալներ. աղետի գոտում համաճարակի որոշ ռիսկեր կան, սակայն դրանք կառավարելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը՝ շեշտելով, որ իրավիճակը համաճարակաբանության տեսանկյունից կայուն է:

Անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ համաճարակի ռիսկերի մասին հայտարարությանը, Սերգեյ Չախմախչյանն ասաց, որ իրավիճակը մտահոգիչ է այնքանով, որ անկած կենդանիների թիվը մեծ է, սակայն տեղում աշխատող խմբերն ամեն ինչ անում են, որ դրանք  ժամանակին հայտաբերվեն և դուրս բերվեն տարածքից, որպեսզի համաճարակի տարածման ռիսկերը չմեծանան: Մասնագետը բնակիչներին խորհուրդ է տալիս անկած կենդանիներ հայտնաբերելու դեպքում էլ չփորձել սեփական ուժերով ոչնչացնել դրանք, այլ դիմել համապատասխան կառույցներին:

«Բնակիչները կարող են անկած կենդանու մարմին հայտնաբերելու դեպքում դիմել անասնաբուժական ծառայություն իրականացնողներին, սննդի անվտանգության տեսչական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին»,-նշեց նա: Հարցին, թե արդյո՞ք բնակելի հատվածներում տիղմի առկայությունը համաճարակի առաջացման պատճառ չի կարող դառնալ, կենտրոնի տնօրենի տեղակալը ասաց. «Տիղմը զերծ չէ մանրէներից, հակասանիտարական վիճակ է ստեղծվում: Խորհուրդ կտամ բնակիչներին՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու ժամանակ օգտագործել պաշտպանիչ միջոցներ ՝ երկարաճիտ կոշիկներ, անջրաթափանց հագուստ, ձեռնոցներ կրել, հնարավորության դեպքում հաճախ լվանալ ձեռքերը: Տիղմից մաքրելուց հետո էլ ախտահանել բնակարանը»։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ հետո աղետի գոտիներից տարհանված բնակիչները կկարողանան կրկին բնակություն հաստատել այդ վայրերում և արդյո՞ք անվտանգ կլինի համաճարակաբանության տեսանկյունից, Չախմախչյանն ասաց․ «Դժվար է հստակ ժամկետներ նշել, քանի որ տարբեր գործոններ կարող են ազդել դրա վրա։ Կախված է լինելու խոնավության աստիճանից, ինչքանով հնարավոր կլինի այդ տարածքները մաքրել: Բոլոր դեպքերում, որպեսզի այդ տարածքները պիտանի լինեն ապրելու համար, պետք է լինեն մաքրված, չոր, համապատասխանեն սանիտարահիգիենիկ նորմերին»։