Առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 տոկոսի վճարման համար: Այդ մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Կառավարության նիստի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են»,- ասաց Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այդ ճանապարհները, որոնց թվում է Գեղամա սարից դեպի Արեգունի հատվածը՝ 5,3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը. «Սա շատ կարևոր սահմանահատված է, որովհետև, ըստ էության, պարփակում ենք Սևանա լճի շուրջ ճանապարհը: Այսինքն՝ Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ, որը նաև տուրիզմի զարգացման առումով շատ էական նշանակություն ունի»,- ասաց Փաշինյանը: