Շուտով պատրաստ կլինեն դիմորդների համար համապատասխան առարկաների ուղեցույցները. դրանք հիմնականում վերահրատարակություններ են: Այս մասին, այսօր` նոյեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, ներկա պահին հրատարակման են պատրաստվում Հայոց պատմություն եւ օտար լեզու առարկաների ուղեցույցները եւ դեկտեմբերի սկզբերին դրանք արդեն կհասցվեն դպրոց: Ուղեցույցներն, ինչպես միշտ, դիմորդներին անվճար են տրվելու:

Լրագրողների այն հարցին, թե այս տարի քանի՞ շրջանավարտ կա, նա պատասխանեց. «Կանխատեսումներ դժվար է անել, քանի որ շրջանավարտների թիվը հաստատուն չէ: Որպես ուղենիշ ընդունում են այն փաստը, որ նախանցյալ տարի 17 հազար դիմորդ ենք ունեցել եւ մոտավորապես այդ թվի շրջանակներում դիմորդներ կունենանք: Ներկա պահին շրջանավարտների թիվը շուրջ 40 հազար է»: