Վրաստանի տնտեսական հարցերով փորձագետները պետությանը շտապ նոր տնտեսական բարեփոխումներ իրականացնելու կոչ են անում, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել է տնտեսական հարցերով փորձագետ Էմզար Ջգերենաիան, «Վարդերի հեղափոխությունից» հետո, Վրաստանի տնտեսական իրավիճակը այնքան էլ չի փոխվել. փոփոխություն եղել է միայն պետության անվտանգության առումով:
«Հեղափոխությունից մինչ այսօր իրականացվել են բազմաթիվ ենթակառուցվածքային եւ էներգետիկ ծրագրեր, ինչը խթան է հանդիսանում ներդրումների տեսանկյունից, սակայն դեռ լուծված չեն սեփականության պաշտպանության վերաբերյալ առաջացած խնդիրները, ինչի համար ղեկավարությունը պետք է շտապ տնտեսական փոփոխություններ իրականացնի»,-հայտարարել է փորձագետը:
Նրա խոսքով, իր այս կարծիքը կիսում են նաեւ տնտեսական հարցերով այլ վրացի փորձագետներ, որոնց կարծիքով տնտեսական փոփոխություններն անհրաժեշտ են եւ նրանք պետք է լինեն երկարաժամկետ, ինչպես նաեւ պետք է ուղղված լինեն ԵՄ-ին ինտեգրմանը:




























