Ռուս զինվորականները նպատակաուղղված ձեւով ռազմական օբյեկտները տեղակայում են անեքսիայի ենթարկված Ղրիմի քաղաքացիական շրջաններում, որպեսզի զսպեն ուկրաինական հարվածները, հերթական ամփոփագրում գրել է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
«Ռուսաստանը, հավանաբար, խախտում է միջազգային հումանիտար իրավունքի իր իսկ սեփական կանոնները, որոնք վկայում են, որ «ռազմական հրամանատարությունը պետք է խուսափի ռազմական օբյեկտները խիտ բնակեցված շրջաններում կամ դրանց մոտ տեղադրելուց»,- գրում են փորձագետները։
Ինչպես նշել է ISW-ն, Սեւաստոպոլին հարվածելուց հետո ռուս «ռազմական թղթակիցները» քննադատում էին ՊՆ-ին եւ Ղրիմի օկուպացիոն իշխանություններին, որ չեն կարողանում կանխել զոհերը եւ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։
Մասնավորապես, իշխանություններին քննադատում էին այն բանի համար, որ չեն կիրառել օդային տագնապի շչակներ՝ նախազգուշացնելու համար բնակչությանը, եւ այն բանի համար, որ նրանք չեն կարողացել հայտնաբերել եւ ոչնչացնել բոլոր հրթիռները, մինչեւ դրանք կմոտենային Սեւաստոպոլին։
Ռուսական զորքերը ռազմական տեխնիկան տեղակայում են Ղրիմի քաղաքացիական շրջաններում պատերազմի սկզբից, գրել է ISW-ն։
«Ռուսական իշխանությունները անպատասխանատու կերպով խրախուսում են տուրիզմն օկուպացված Ղրիմում ռազմական ժամանակաշրջանում, իսկ զինվորականները շարունակում են օգտագործել օկուպացված թերակղզին որպես թիկունքի պլացդարմ»,- նշել են փորձագետները։





























