Գյումրիի տեխնոպարկի հիմնադրամն ու Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում են գյումրեցիներին զարմացնել իրենց նորարական ծրագրերով ու աննախադեպ ֆինանսների ներդրումներով: Նոյեմբերի 23-ին, Գյումրիի «Արաքս» հյուրանոցի սրահում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների ու տեխնոպարկի հիմնադրամի խորհրդից ձեւավորված հանձնաժողովը բիզնես գաղափարների մրցույթ է անցկացրել:

«9 գաղափարներից լավագույն 4-ը ֆինանսավորվելու են տեխնոպարկի կողմից յուրաքանչյուրը 14-ական միլիոն դրամի չափով: Ընդհանուր առմամբ, բիզնես գաղափարների համար պետբյուջեից հատկացվել է 56 միլիոն դրամ գումար»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի տեխնոպարկի հիմնադարմի տնօրեն Գուրգեն Պարոնյանը: Իսկ հաջորդ տարվա համար տեխնոպարկի միջնաժամկետ բյուջեն կազմելու է 200 միլիոն դրամ՝ միայն պետական հատկացումների մասով, չհաշված վարկային ծրագրերն ու դոնորների ֆինանսավորումը: «Միայն տեխնոպարկի շենքի կառուցման եւ կահավորման համար նախատեսված է ՀԲ-ի վարկային միջոցներից հատկացնել 5 միլիոն ԱՄՆ դոլար գումար: Երկու տարվա ընթացքում շենքը հանձնվելու է շահագործման: Վերջնական որոշում կայացվեց, որ վերանորոգվի ոչ միայն շենքը, այլեւ այն կահույքով, գույքով, համակարգիչներով հանձնվի տեխնոպարկին»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում հավաստել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:

Նրա պատկերացմամբ՝ իրենք այստեղ են, որ փնտրեն ու գտնեն «նոու հաու» գաղափարներ: «Միգուցե շատ հավակնոտ է հնչում, որ ստեղծենք Գյումրիում կամ Վանաձորում այնպիսի ընկերություն, որ աշխարհում, միջազգային հարթությունում մրցունակ է, բայց արի ու տես, որ այդպես է»,-վստահեցրել է Վահե Դանիելյանը: Նա նշել է նաեւ, որ Գյումրիում 6 ամիս առաջ բացված «Դը Լինքի» լաբորատորիան այնպիսի սպետիֆիկ լուծումներ է տվել, որ երկար տարիներ այդ ընկերությունը չէր կարող տալ:

«Հիմա բոլորը շշմած են երկար ժամանակ Դը Լինքը փորձում էր դրան լուծումներ տալ, բայց չէր կարող եւ կես ամսվա Գյումրիի լաբորատորիայում էրեխեքը լուծում են տվել»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի խորհրդականը: Հարցին, թե ինչի՞ համար են այս հատկացումները եւ ինչ կտա մնան հավակնոտ ծրագրերի ընտրությունն այն դեպքում, երբ տեխնոպարկի գաղափարի ստեղծման հիմքում ի սկզբանե Գյումրին զարգացնելն ու գյումրեցիների սոցիալ-տնտեսական դրության բարելավումն էր, աշխատատեղերի ստեղծումը, նախարարի խորհրդականն պատասխանել  է. «Աստված իմ, էնքան բարդ հարց եք տալիս, թե ինչ կտա ծրագիրը»: Ապա հավելել է, որ սա ծրագիր չէ, որ վերականգնում բերի, սա զարգացման ծրագիր է: «Սոցիալական ծրագիր չէ, այլ ավելի նման է հետեւյալ սկզբունքին. «Ինձ ձուկը մի տվեք ինձ ձուկ բռնել սովորեցրեք»: Սա հենց այդ ձուկ բռնելու ծրագիրն է»,-ասել է նախարարի խորհրդականը: