Եվրամիության միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինան կստանա 2,5 մլրդ եվրոյի մի մասը ՌԴ սառեցված ակտիվների եկամուտներից։

Ինչպես տեղեկացրել է «Европейская правда»-ն, այս մասին նա ասել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումից առաջ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ը պետք է փնտրի ռուսական սառեցված ակտիվների օգտագործման միջոց՝ խուսափելով անդամ երկրների որեւէ արգելքից։

«Եվ մենք ունենք իրավաբանական ընթացակարգ, որը թույլ է տալիս խուսափել որեւէ արգելքից։ Առաջին տրանշը կստացվի հաջորդ շաբաթ, հուլիսին։ Երկրորդը՝ մի քանի շաբաթ անց»,- նշել է Բորելը՝ հայտնելով, որ հաջորդ շաբաթ Ուկրաինան կստանա 2,5 մլրդ եվրոյի մի մասը։

ԵՄ դիվանագետը նշել է, որ Շվեյցարիայում վերջերս տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովը պատերազմն ավարտելու «դիվանագիտական ճանապարհ է բացել», բայց Պուտինը պատասխանել է նրանով, որ «գնում է ամեն տեղ, որտեղից կարող է զենք ստանալ»։

«Մենք պետք է ավելացնենք մեր աջակցությունն Ուկրաինային։ Ուկրաինային անհրաժեշտ է աջակցություն հիմա»,- ամփոփել է Բորելը։