Հայկական երեք ավանդական կուսակցությունները` ՍԴՀԿ, ՀՅԴ եւ ՌԱԿ, խստորեն դատապարտել են Բեյրութն ու Ստամբուլը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրվել է Բեյրութի քաղաքապետական խորհրդի եւ այդ քաղաք այցելած թուրքական պատվիրակության միջեւ:
Նոյեմբերի 23-ին, հայկական 3 ավանդական կուսակցությունները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում, ասվում է.
«Հայկական երեք կուսակցությունները խստիվ դատապարտում են Բեյրութի քաղաքապետական խորհրդի այս նախաձեռնությունը, որի համաձայն, շրջանում եւ հատկապես Լիբանանում 400 տարի շարունակ աղետներ գործած եւ դրանց արհավիրքներ պատճառած Օսմանյան կայսրության մայրաքաղաք Պոլիսը պետք է դառնա Նահատակների հրապարակ ունեցող Բեյրութի քույրը։ Բեյրութի Նահատակների հրապարակում թուրքերի նախահայրերի, այսինքն` Օսմանյան կայսրության ղեկավարների ձեռքով են կախաղան բարձրացվել լիբանանցի մտավորականներն ու բարձրաստիճան անձինք։
Իսկ այսօր, փոխանակ պահանջեն, որ Թուրքիան ներում խնդրի Լիբանանից՝ իր նախահայրերի գործած ոճիրների համար, եւ որ թուրքերը ծաղկեպսակ դնեն Նահատակների հուշարձանին, թուրքերին Լիբանան ու Բեյրութ են հրավիրում, նրանց հետ Բեյրութն ու Ստամբուլը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր է ձեռք բերվում։
Ո՞ւր մնաց մարդու՝ որպես բացարձակ արժեքի նկատմամբ հարգանքը, նրա հիշատակի հարգումը, մանավանդ եթե այդ մարդը նահատակվել է հանուն իր երկրի եւ արժանապատվության պաշտպանության»:


























