Երեւան քաղաքի 2011 թվականի բյուջեի միջոցներն ամբողջությամբ բավարարում են վճարելու բոլոր կատարված աշխատանքների դիմաց։ Այդ մասին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` մեկնաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները, թե Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը «մինուսով» բյուջե է ժառանգել եւ հաջորդ տարվա համար վճարելիք գումարների չափը գրեթե աստղաբաշխական է:
«2011 թվականի քաղաքապետարանի ծրագրերը ներառում էին մի շարք շարունակական աշխատանքներ, որոնց մի մասը նախատեսված էր ավարտել 2012 թվականին, իսկ դրանց վճարումները նախատեսվել են Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեի նախագծով։ 2011 թվականին պայմանագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները կվճարվեն նույն տարում»,- նշել է Սարդարյանը։
«Հրապարակ» թերթը գրել էր, որ վերջին մեկ տարում Երեւանում կատարվող աշխատանքներն ըստ էության վերագրվում էին քաղաքապետ Կարեն Կարապետյանի շնորհքին: «Ոչ ոք չէր մտածում, թե որտեղից է քաղաքապետը գտնում այդ փողը, որ թափով ծրագրեր է իրականացնում: Երեւանցիներին թվում էր, թե նախկին բոլոր քաղաքապետերը պարզապես վատ են աշխատել՝ դա է պատճառը, որ մայրաքաղաքում տարիներ շարունակ ոչինչ չէր փոխվում:
«Պարզվում է՝ ընդամենը 10 ամիս աշխատած քաղաքապետն այդ աշխատանքների մեծ մասը, այսպես ասած, պարտքով է իրականացրել: Դրանք կատարող կազմակերպությունների հետ պայմանագրեր է կնքել՝ առաջիկայում, ասենք, հաջորդ տարի վճարելու պայմանով: Եվ ստացվել է այնպես, որ Տարոն Մարգարյանը ժառանգել է «մինուսով» բյուջե ոչ միայն այս տարեվերջի կտրվածքով, այլև հաջորդ տարվա համար, քանի որ վճարելիք գումարների չափը գրեթե աստղաբաշխական է»,- գրել է «Հրապարակ»-ը:




























