ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը կալանք է դրել թեթև քաշային կարգում Բացարձակ մարտական առաջնության (UFC) նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի բանկային հաշիվների վրա։
Ըստ Mash թելեգրամյան ալիքի՝ կալանքի պատճառը մարզիկի 297 միլիոն ռուբլի պարտքն է։ Մինչ այս հարկային ծառայողները փակել էին Նուրմագոմեդովին պատկանող մի քանի ընկերություններ՝ պաշտոնական թղթերում կեղծ տվյալների պատճառով, գրում է Газета.ru-ն։
Խաբիբ Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի աշնանը՝ հաղթելով ամերիկացի Ջասթին Գեթջեին։ Մարտից անմիջապես հետո նա հայտարարել է պրոֆեսիոնալ սպորտից հեռանալու մասին՝ բացատրելով, որ խոստացել է մորը առանց հոր չմենամարտել։ Կարիերան ավարտելուց հետո Նուրմագոմեդովը հիմնել է Eagle FC փրոմոուշենը, որը զբաղվում է ապրանքների խթանմամբ, շուկայում մատուցվող ծառայությունների տարածմամբ։
Մարզիկը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 29 մենամարտ՝ հաղթելով դրանցից յուրաքանչյուրում։ 2021 թվականին Հասարակական կարծիքի հիմնադրամի հարցման արդյունքում Խաբիբը ճանաչվել է սպորտի տարվա մարդ։ 2023 թվականի հոկտեմբերի 22-ին Նուրմագոմեդովը հայտարարեց, որ թողել է այն ամենը, ինչ առնչվում է մենամարտին։




























