Եվրոպական մի քանի երկրներ աշխատում են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները ԵՄ շարունակելու ուղղությամբ, երբ Կիևի և Մոսկվայի միջև համապատասխան պայմանագրի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Դրա մասին չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, հայտնել է գերմանական Handelsblatt տնտեսական պարբերականը։

Մասնավորապես, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը և Եվրահանձնաժողովը պարբերականին հայտնել են, որ Գերմանիայի կառավարությունն ու Բրյուսելը տարանցիկ գազ ստացող ԵՄ անդամ երկրների հետ բանակցություններ են վարում։ Միաժամանակ Եվրամիությունը դիտարկում է «Գազպրոմի» հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագիր կնքելու հնարավորությունը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին գրում է Handelsblatt-ը։

Չնայած Ուկրաինայի հետ պատերազմին, Ռուսաստանը շարունակում է իր տարածքով գազ մատակարարել ԵՄ երկրներին, մասնավորապես, Ավստրիային, Սլովակիային, Հունգարիային և Չեխիային։

Հունիսի կեսերին Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ պաշտոնյաները բանակցություններ են վարում 2025 թվականին Ռուսաստան-Ուկրաինա առանցքային խողովակաշարով գազի մատակարարումը շարունակելու շուրջ։ Քննարկվող տարբերակներից մեկն, ըստ գործակալության, այն է, որ եվրոպական ընկերությունները գազ գնեն Ադրբեջանից և այն մղեն Եվրոպա գնացող ռուսական խողովակաշարերով։

Ուկրաինական «Նավթոգազ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշովն ավելի վաղ հայտարարել էր, որ կանի ամեն ինչ՝ լուծում գտնելու համար, որով կշարունակի գործել ուկրաինական գազատրանսպորտային համակարգը, քանի որ «սա մեծ ակտիվ է և գնորդ է պետք»։

Միևնույն ժամանակ, մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն պնդում էր, թե Կիևը մտադիր չէ որևէ լրացուցիչ համաձայնագիր կնքել կամ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը։