Ընթացիկ տարին Հայաստանում կավարտվի 15 տոկոս տնտեսական անկումով։ Նոյեմբերի 10-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ «Այս տարի 9,2 տոկոսի տնտեսական աճ էր կանխատեսվում, սակայն տնտեսական ճգնաժամի հետեւանքով մենք այս պահին 18 տոկոս անկում ենք արձանագրել, իսկ տարին կփակվի 15 տոկոս անկումով»,- նշեց Գ. Մինասյանը։ Ըստ նրա՝ որոշակի կանխատեսումներ կան հաջորդ տարվա տնտեսական աճի վերաբերյալ, սակայն այդ կանխատեսումները հնարավոր է չիրականանան։ «Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը տնտեսական անկման ամենաստորին նիշին է հասել, սրանից ավելի անկում չի լինի, սակայն ցավոք այժմ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կսկսվի տնտեսական վերելքը»,- ասաց ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ հաջորդ տարի 1,2 տոկոս աճ կարող է գրանցվել։ Լավատեսական կանխատեսումը, ըստ տնտեսագետ պատգամավորի, պայմանավորված է այս տարի վարկային միջոցներով կատարված ներդրումներով։ Կառավարությունը ձեռքբերած միջոցներից հատկացումներ է կատարել շինարարության եւ հանքահումքային արտադրության ոլորտներին, որոնց աշխուժացումը, Գ. Մինասյանի կարծիքով, դրական կազդի տնտեսության մյուս ճյուղերի վրա եւս։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին պետական պարտքն այս տարի կկազմի 3 մլրդ դոլար, սակայն 2010-ին հնարավոր է դրա ավելացում՝ մինչեւ 3,5 մլրդ-ի։ «Հայաստանն այսօր բանակցում է վարկային միջոցներ ներգրավելու համար, սակայն բանակցությունները դեռ չեն ավարտվել»,- ասաց նա՝ դժվարանալով նշել, թե որ կազմակերպության հետ է բանակցություններն ընթանում։ Նա նաեւ նշեց, որ արտաքին պարտքի անթույլատրելի սահմանը ՀՆԱ-ի 50 տոկոսն է։ Ըստ նրա՝ Հայաստանը դեռ չի հատել անթույլատրելի սահմանագիծը։
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը խորհրդարանում 2010 թ.-ի բյուջեն ներկայացնելիս հայտարարել էր, որ հաջորդ տարի Հայաստանը վարկեր չի վերցնելու, որովհետեւ 2009 թ.-ին արդեն բավարար քանակությամբ վարկեր է վերցրել։




























