Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են: Այս մասին իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությանը։

«Սևան քաղաքում կրիմինալ մեկը կրակել-սպանել է 37 ամյա ատամնաբույժի։ Եվ քաղաքում այժմ ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ քաղաքացիները։

Նույնիսկ քաղաքային իշխանություններն են վախեցել դատապարտեն սպանությունը և սահմանափակվել են ցավակցելով։

Հիմա հարց՝ Հայաստանում ոստիկանություն կա՞։

 Հ. Գ. Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենցիա է», - գրել է նա։

Ի պատասխան Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակն արձագանքել է. «Սպանողը Նորատուսի հայտնի գլխակեր կլանի երիտասարդ թեւից ա, Դանիել։ Վարչապետի հետ որ հաջորդ անգամ կոնսուլտացիայի գնաս, խնդրում եմ հարցրու՝ ինչ կապեր ունեն ՔՊ-ականները էդ կլանի հետ»։

Մամուլը գրել է, որ սպանված Ա․ Աֆիյանը Սևանում եղել հայտնի ատամնաբույժ էր, Սևանի ավագանու անդամ։ «Ոստիկանները կարողացել էին մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծել, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը»,-գրել էր Shamshyan.com-ը։