Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է մրցույթ՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքը վարձակալության հանձնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10,300,000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։
Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի 20-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի մայիսի 23-ին որոշում կայացրեց Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող շենքն ու հողամասը մրցութային եղանակով վարձակալության հանձնելու վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել էր, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության էր հանձնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։ Սակայն, կուսակցության նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադադարեցվել էր։



























