Ավստրիայի իշխող կոալիցիան պայմանավորվել է մինչև 2027 թվականը ռուսաստանյան գազից հրաժարումը ներառել երկրի անվտանգության նոր ռազմավարության մեջ, գրում է Kurier թերթը։ Այս պահին հարցը մշակման վերջնական փուլում է, նշում է պարբերականը։
Պատճառներից մեկը, թե ինչու է Ավստրիան որոշել հրաժարվել ռուսաստանյան գազից, այն է, որ Մոսկվան վառելիքի վաճառքից ստացած միջոցներն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորման համար։ Ավստրիայի կառավարությունը նաև կարծում է, որ ռուսաստանյան գազից կախվածությունը սպառնում է Ավստրիայի տնտեսությանը։
Վերջին հաշվարկների համաձայն, Ռուսաստանից ստացվող բնական գազը կազմում է ավստրիական խողովակաշարերով մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 80-90%-ը։ Անցյալ տարի Վիեննան կարող էր մոտ 4 միլիարդ եվրո փոխանցել «Գազպրոմին», նշում է պարբերականը։
Փետրվարին Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնոր Գևեսլերը հայտարարել էր ավստրիական նավթագազային OMV ընկերության և «Գազպրոմի» միջև երկարաժամկետ պայմանագրերից դուրս գալու մասին, որոնք ուժի մեջ են մինչև 2040 թվականը: Ավելի ուշ OMV-ն նշել էր, որ անհրաժեշտության դեպքում ընկերությունը կկարողանա ավստրիացի սպառողներին 100%-ով գազ մատակարարել ոչ ռուսաստանյան աղբյուրներից, սակայն Ռուսաստանի Դաշնության վառելիքից հրաժարվելու համար անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք ստեղծել։
Այն բանից հետո, երբ Մոսկվան լայնածավալ պատերազմ սկսեց Ուկրաինայում, ռուսաստանյան գազի մատակարարումները Եվրոպա կրճատվեցին հինգ անգամ՝ հասնելով 1970-ականների մակարդակին, իսկ «Գազպրոմի» մասնաբաժինը եվրոպական շուկայում կրճատվեց երեք անգամ՝ 45-ից մինչև 15%, ըստ Եվրահանձնաժողովի տվյալների:
Ստեղծված պայմաններում Ադրբեջանը մեծացնում է գազի մատակարարումները Եվրոպա՝ փոխարինելով Ռուսաստանին այն շուկայում, որը Մոսկվան գրեթե ամբողջությամբ վերահսկում էր վերջին կես դարում։ Այսպես, օգոստոսի 1-ից Կասպից ծովի հսկա «Շահդենիզ» հանքավայրից ադրբեջանական գազը սկսեց հոսել դեպի Սլովենիա։ Մինչ այս Ադրբեջանից սկսել էին գազ գնել Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան և Սերբիան։ Բացի այդ, ադրբեջանական գազը մղվում է նաև Վրաստան և Թուրքիա։
2024 թվականին Հունգարիան, Սլովակիան և Ավստրիան շարունակում են ռուսաստանյան գազ ստանալ Եվրոպայում եղած խողովակներով։





























