ԱՄՆ հետախուզությունը սպասում է, որ Իրանի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հնարավոր գրոհը Իսրայելի դեմ տեղի կունենա երկու փուլով։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ ազգային անվտանգության գծով թիմի հետ հանդիպման բովանդակությանը ծանոթ աղբյուրների տեղեկացմամբ՝ հետախուզությունը զեկուցել է, որ հարվածների մի ալիքը սպասվում է Իրանի կողմից, մյուսը՝ «Հեզբոլլահի»։ Վաշինգտոնում, սակայն, դեռ չգիտեն, թե ինչ բնույթ են կրելու հարվածները եւ ովքեր են կատարելու հարձակումը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Իսրայելի դեմ գրոհի ժամանակը առայժմ հայտնի չէ, ինչպես եւ հայտնի չէ ենթադրվող հետեւանքների մասշտաբը։

Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ սրումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շոքրայի սպանություններից հետո։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա եւ հայտնել, որ դա անպատասխան չեն թողնի։