Բանգլադեշի նախագահ Շահաբուդդին Չուպպուն ցրել է խորհրդարանը՝ վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։ Համապատասխան որոշումը պարունակվում է պետության ղեկավարի վարչակազմի տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Հիմք ընդունելով նախագահի և զինված ուժերի երեք ճյուղերի ղեկավարների, տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և «Ուսանողներն ընդդեմ խտրականության» շարժման առաջնորդների հանդիպման արդյուքները, Ազգային խորհրդարանը ցրվել է»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։
Խորհրդարանական նոր ընտրությունների հնարավոր ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Երկուշաբթի օրը, զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին, Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տվեց և լքեց երկիրը։ Բանակը ստանձնեց հանրապետության կառավարումը։ Որոշում է կայացվել ձևավորել ժամանակավոր կառավարություն։ Բողոքող ուսանողական առաջնորդներն ասացին, որ չեն ընդունի ուսանողական շարժման ձևավորված կառավարությունից բացի որևէ այլ կառավարություն։
Ակնկալվում է, որ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամեդ Յունուսն առաջատար դեր կունենա անցումային կառավարությունում։ Նա արդեն համաձայնել է դառնալ ուսանողական ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական։ Նա ներկայումս գտնվում է արտերկրում, սակայն մտադիր է որքան հնարավոր է շուտ ժամանել Բանգլադեշ։
Ավելի վաղ, հաղորդվել էր նաև, որ ժամանակավոր կառավարությունը կարող է գլխավորել բանգլադեշցի գրող, գիտնական, ուսուցիչ և հասարակական գործիչ Սալիմուլահ Խանը և Դաքայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր և նախկին լրագրող Ասիֆ Նազրուլը:

Թեմա
Տեղադրություն




























