Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան և նրա ընտանիքի անդամները չեն վերադառնա հայրենիք։ Դրա մասին հայտարարել է հարավասիական հանրապետության կառավարության նախկին ղեկավարի որդին՝ Սաջիբ Վազեդ Ջոյը։

«Նա ասել է, որ երբեք չի վերադառնա Բանգլադեշ: Իրականում, լիովին անկեղծ լինելու համար, նա ինձ ասաց, որ մեր ընտանիքից ոչ ոք երբեք չի վերադառնա Բանգլադեշ», - ըստ Bloomberg-ի՝ ասել է Վազեդ Ջոյը, որ որոշումը, թե որտեղ է ապրելու Բանգլադեշի նախկին վարչապետը, դեռ չի ընդունվել:

Վազեդ Ջոյը միաժամանակ հայտնել է, որ իր մայրը մտադիր էր հրաժարական տալ պաշտոնավարման հինգերորդ ժամկետի ավարտից հետո: «Այնպես որ նրան դուրս են մղել այս կերպ, իսկ պապիս՝ ազգի հայր [Շեյխ Մուջիբուր Ռահմանի] հիշատակն նման կերպ վիրավորել ու պղծելը բոլորիս հիասթափեցրել է»,- ասել է Շեյխ Հասինայի որդին։

Վազեդ Ջոյը չի բացառել, որ Բանգլադեշում իշխանափոխության հետևում կանգնած են Պակիստանն ու ԱՄՆ-ը։ «Ես միջամտության որևէ ապացույց չունեմ, բայց միանգամայն վստահ եմ, որ Պակիստանը ներգրավված է»,- ասել է նա։

Շեյխ Հասինայի որդին նշել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը մոր նկատմամբ քննադատական ​​դիրք է գրավել։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն նախընտրում է կառավարություններին, որոնք «մեծ հաշվով իր վերահսկողության տակ են կամ հետևում են իր հրահանգներին»: «Նրանք չէին կարող այդպես վարվել, քանի դեռ մայրս իշխանության ղեկին էր», - պարզաբանել է Վազեդ Ջոյը: