Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի թիմը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նախագահական քարոզարշավի ժամանակ իր հիթերից մեկի տեսահոլովակի «չարտոնված» օգտագործման համար։
«My Heart Will Go On» երգը, որը գրվել է 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմի համար, հնչել է ուրբաթ օրը Մոնտանա նահանգի Բոզման քաղաքում Թրամփի կողմնակիցների հանրահավաքում՝ նախքան նրա բեմ դուրս գալը։
X միկրոբլոգի կայքում տեղադրված հայտարարության մեջ Դիոնի թիմն ասել է, որ «հավանություն» չի տալիս երգի օգտագործմանը:
Միաժամանակ Թրամփի նախընտրական շտաբը չի արձագանքել այս հայտարարությանը, հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ հայտնի երգիչներ ու խմբեր, այդ թվում՝ Նիլ Յանգը, Queen-ը և Rolling Stones-ը, արդեն բողոքել են Թրամփի նախընտրական հանրահավաքներում իրենց երգերն օգտագործելուց։





























