ԱՄՆ ավտոարտադրության ոլորտի United Auto Workers արհմիությունը հայց է ներկայացրել Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի դեմ «գործադուլ հայտարարած աշխատողներին վախեցնելու սպառնալիքի» համար, տեղեկացրել է CNN-ը։

X-ում երկուշաբթի օրը Մասկի հետ հարցազրույցի ժամանակ Թրամփը եւ Մասկը քննարկել են Մասկի հնարավոր դերը Թրամփի վարչակազմում, եթե նա վերընտրվի։ Թրամփը Մասկին գովաբանել է արհմիությունների դեմ իր դիրքորոշման համար։

«Ես նայում եմ, թե դուք ինչ եք անում, դուք գալիս ու ասում եք. «Ուզո՞ւմ եք ազատվել»։ «Նրանք ապստամբում են, ես չեմ հնչեցնի ընկերության անունը, բայց նրանք գործադուլ են անում, իսկ դուք ասում եք. «Ամեն բան կարգին է, դուք բոլորդ հեռանում եք։ Բոլորդ հեռանում եք։ Ձեզանից յուրաքանչյուրը հեռանում է»,- ասել է Թրամփը։

Մասկը ծիծաղել եւ ասել «այո»։

UAW-ը, որը պաշտպանել է Քամալա Հարիսի փոխնախագահի թեկնածուին, մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի եւ Մասկի հասցեին աշխատանքային հարաբերությունների հարցում։

Դրանցում նշվում է, որ նախկին նախագահը եւ Tesla-ի գլխավոր տնօրենը «միջամտել են եւ հարկադրել աշխատակիցներին, որոնք մասնակցել են գործադուլին, հեռանալ»։

Արհմիության նախագահ Շոն Ֆեյնը CNN-ի հարցազրույցում քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուին եւ Tesla-ի սեփականատիրոջը։

«Նրանք քթները ցցում են աշխատանքային օրենսդրության առջեւ, եւ այս երկրում պետք է հատուցում լինի, երբ միլիարդատերերը, կորպորատիվ դասը եւ գործատուները պատասխանատվության ենթարկվեն, երբ խախտում են օրենքը»,- ասել է նա։

Թրամփի կողմնակիցները UAW-ի մեղադրանքներն անվանել են դեմոկրատների քաղաքական բեմականացում։

«Դա թեթեւամիտ քաղաքական հնարք է, որը նպատակ ունի խափանել նախագահ Թրամփի աջակցությունը,- ասվում է  Թրամփի քարոզարշավի ավագ խորհրդական Բրայան Հյուզի հայտարարությունում։- Նախագահ Թրամփը ամրապնդել է մեր տնտեսությունը եւ հասել արդյունքների Ամերիկայի մոռացված տղամարդկանց եւ կանանց անունից, եւ նա դա նորից կանի, երբ վերընտրվի նոյեմբերի 5-ին»։