Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Медуза»-ին տված հարցազրույցում նշել է Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները։

Նա նշել է, որ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում՝ ռուսական հրետանին մղելով անհրաժեշտ հեռավորության վրա, որպեսզի անհնար լինի այն կիրառել խաղաղ բնակչության դեմ։

«Բացի դրանից, ցանկանում ենք կտրել լոգիստիկ երթուղիները, որոնք Ռուսաստանի Դաշնությանը հնարավորություն են տալիս ամբողջ ճակատային գծով արդյունավետորեն պահեստի ուժեր տեղափոխել, ցույց տալ Ռուսաստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարության սնանկությունն ու պատերազմը տեղափոխել Ռուսաստանի տարածք»,- հավելել է նա։

Ըստ УНИАН գործակալության՝Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինան իր առջև նպատակ չի դնում գրավել Կուրսկի մարզի տարածքը, այլ պատերազմ է վարում հենց պաշտպանության շրջանակում և ոչնչացնում է միայն ռազմական օբյեկտները։