Գերմանիան իր երկու ռազմաբազաներում, որտեղ, նախօրեին, ըստ ամենայնի, փորձ է արվել աղտոտել խմելու ջուրը, հետաքննություն է սկսել, որում դիվերսիաները կապում է ռուսական հետքի հետ, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի խորհրդարանի աղբյուրին։
Դիվերսիաների երկու թիրախներն են եղել Քյոլն-Վանում Բունդեսվերի բազան և Գեյլենկիրխենի մոտակայքում ՆԱՏՕ-ի օդանավակայանը:
Գերմանական բանակի խոսնակ Ուլրիխ Ֆոնռոբերտը հայտնել է, որ գիշերվա ընթացքում Քյոլնի բազայի շուրջ ցանկապատի վրա անցք է բացվել, սակայն մեղավորները չեն հայտնաբերվել:
Նախազգուշացման համակարգը ջրի որակի «անոմալ արժեքներ» է ցույց տվել, ինչը վկայում է, որ ջրամատակարարումը ենթարկվել է հարձակման, չորեքշաբթի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ֆոնռոբերտը:
Իր հերթին Գեյլենկիրխենում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Դոնի Դեմերսը հայտնել է, որ երեքշաբթի երեկոյան կասկածյալը փորձել է մտնել օբյեկտ, սակայն անվտանգության աշխատակիցները կասեցրել են փորձը։
«Քանի որ գիտենք՝ Քյոլնում ինչ է տեղի ունեցել, ստուգեցինք մեր ջրամատակարարման օբյեկտները: Հարձակվողներից ոչ մեկը ներս չի թափանցել»,- հավելել է նա:
Բեռլինի խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարկուս Ֆաբերը Bloomberg-ին հայտնել է, որ Քյոլնի օդանավակայանում, որը կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կաբինետի համար օգտագործվող ինքնաթիռների կենտրոնն է, «կասկածելի դիվերսիաներն աճում են»:
«Հետագա հետաքննությունները ցույց կտան՝ արդյոք հաստատվել են իմ նախնական կասկածները, որ դրա հետևում կանգնած է Ռուսաստանը», - ասել է Ֆաբերը՝ հավելելով, որ հանձնաժողովի անդամները հետաքննության ընթացքի մասին տեղեկացվում են:





























