Հետազոտողները հայտարարել են, որ մեգալիթյան համալիրի կառուցումը բառացիորեն «համաբրիտանական» նախագիծ էր, գրում է Euronews-ը։

Անգլիական Սթոունհենջի կենտրոնում խոյացած այսպես կոչված «զոհասեղանի քարը» բերվել է Շոտլանդիայի հյուսիսից, այլ ոչ թե Ուելսից, ինչպես մինչև օրս ենթադրվում էր:

Նոր հետազոտությունը հնարավորություն է ընձեռել ավելի ճշգրիտ կերպով պարզել ավազաքարի հանքային բաղադրությունը և հաստատել, որ հնագույն հուշարձանի կենտրոնում կանգնեցված նախապատմական մարդկանց մեգալիթը բերվել է առնվազն ներկայիս Ինվերնես քաղաքից և, չի բացառվում՝ Օրկնեյան կղզիներից:

Դա նշանակում է, որ վեց տոննա քա ունեցող բլոկը հարավային Անգլիա են քաշել-բերել (կամ տեղափոխել ջրով) մոտավորապես 750 կմ հեռավորությունից:

Նախագծի ղեկավար, ուելսցի Էնթոնի Քլարկը կատակել է BBC-ին տված հարցազրույցում. «Մերոնք ինձ տանը չեն ների: Սա մեծ կորուստ է Ուելսի համար: Բայց, եթե լուրջ, Սթոունհենջն, ըստ երևույթին, համաբրիտանական նախագիծ է եղել, որին մասնակցել են կղզու շատ ու շատ մարդիկ»։

Ուսումնասիրությունը հաստատում է, որ Սթոունհենջը կառուցվել է Մեծ Բրիտանիայի բոլոր մասերից բերված քարերից: Մնացած քարերը բերվել են Ուելսից և Անգլիայից։

Գիտնականները պնդում են, որ մեգալիթյան համալիրի կառուցումն, ըստ երևույթին, նախապատմական ժողովուրդների միջև շատ ավելի մեծ համագործակցության արգասիք է, և նեոլիթյան Բրիտանիան ավելի սերտ կապված և առաջադեմ հասարակություն էր, քան մինչ այս ենթադրվում էր: