Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ 32-ամյա Ռոբերտ Էնկեն ինքնասպանություն է գործել՝ նոյեմբերի 10-ին 20։00-ի սահմաններում նետվելով գնացքի տակ։ Մահվան փաստը, ինչպես հայտնում է Deutsche welle-ն, հաստատել է Հաննովերի ոստիկանությունը, սակայն ինքնասպանությո՞ւն է եղել դա, թե՞ դժբախտ պատահար, պաշտոնապես չի հայտնվում։
AFP-ի տվյալներով, ով վկայակոչում է իրավապահ մարմինների վրա, դա ինքնասանություն է եղել, նա նետվել է գնացի տակ եւ ստացած վնասվածքներից մահացել։ Սակայն ի՞նչն է դարձել Էնկեի որոշման պատճառը եւ թողե՞լ է նա իր գործողությունները բացատրող նամակ, դեռեւս հայտնի չէ։ 32-ամյա դարպասապահը ուներ կին եւ ութ ամսական աղջիկ, ում որդեգրել էր հարազատ դստեր մահվանից երեք տարի հետո։
32-ամյա ֆուտբոլիստը, ընկերներից մեկի խոսքով, ծանր է տանում դստեր մահը։ Սակայն այս ողբերգությունը չի կարողանում բացատրել ոչ «Հաննովերի» նախագահ Մարտին Կինդը, ոչ նրա գործակալ Յորգ Նեբլունգը, ոչ հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆը։ Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Թեո Ցվանցիգերը հայտարարել է. «Մենք բոլորս ցավում ենք կատարվածի համար։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա կնոջը եւ ողջ ընտանիքին»։
Հիշեցնենք, որ Էնկեն խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Կարլ Ցեյսը», «Բորուսիան», «Բենֆիկան», «Բարսելոնան», «Ֆեներբախչեն» եւ «Տեներիֆեն»։ Նա նաեւ ազգային հավաքականի խաղացող է եղել եւ նրա կազմում առաջին անգամ ՝Դանիայի դեմ ընկերական հանդիպմանը, դաշտ է դուրս եկել 2007թ. մարտի 28-ին, որի ժամանակ գերմանացիները պարտվեցին 0։1 հաշվով։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լեվը 2010թ. Աշխարհի առաջնության կայանալիք խաղերին որպես թիմի հիմնական դարպասապահ նրան էր տեսնում։
Ֆուտբոլիստի երկրպագուներն այժմ մոմեր եւ ծաղիկներ են բերում «Հաննովեր-96» ակումբի գրասենյակ։


























