Բոտսվանան հայտարարել է, որ երբևէ հայտնաբերված ամենախոշոր ադամանդներից մեկը հայտնաբերվել է իր հանքերից մեկում և համընդհանուր ցուցադրության կներկայացվի:
Ըստ Associated Press-ի՝ հսկայական քարը, որը կշռում է 2,492 կարատ, ամենամեծն է մինչև օրս երկրում հայտնաբերված քարերի մեջ և մեծությամբ երկրորդը՝ հանքից երբևէ արդյունահանված քարերի մեջ, ասված է Բոտսվանայի կառավարության հայտարարության մեջ:
Կանադաական հանքաարդյունաբերական Lucara Diamond ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ «բացառիկ» չմշակված ադամանդ է արդյունահանել արևմտյան Բոտսվանայի իր Կարովե հանքավայրում: Lucara հայտարարել է, որ դա բարձրորակ քար է և անվնաս վիճակում է հայտնաբերվել:
Ադամանդը հայտնաբերվել է ռենտգենյան տեխնոլոգիայի օգնությամբ։
Ըստ քաշի, այն ավելի քան 100 տարվա ընթացքում հայտնաբերված ամենախոշոր ադամանդն է, և երկրորդ ամենամեծ ադամանդը, որը երբևէ հայտնաբերվել է հանքից՝ 1905 թվականին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված Cullinan Diamond-ից հետո:
Cullinan-ն կշռում էր 3106 կարատ և մասնատվել է թանկարժեք քարերի, որոնցից մի քանիսը հայտնվել են բրիտանական արքունիքի գանձարանում:
Ավելի մեծ սև ադամանդ է հայտնաբերվել Բրազիլիայում 1800-ականների վերջին, բայց այն ընկած էր երկրի մակերեսին և ենթադրաբար, երկնաքարի մաս է եղել:
Բոտսվանան ադամանդ արտադրող աշխարհում երկրորդ երկիրն է և վերջին տարիներին արդյունահանել է աշխարհի բոլոր ամենախոշոր թանկարժեք քարերը: Նախքան այդ հայտնագործությունը, Սեվելո ադամանդը, որը 2019 թվականին հայտնաբերվել է Կարովե հանքավայրում, ճանաչվել է աշխարհում արդյունահանված երկրորդ ամենախոշոր ադամանդը (1758 կարատ):
Քարը գնել է ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը։ Գնման գումարն անհայտ է։ 1111 կարատանոց Լեսեդի լա Ռոնա ադամանդը, որը նույնպես Բոտսվանայի Կարովե հանքավայրից է, 2017 թվականին 53 միլիոն դոլարով բրիտանացի ոսկերիչ է ձեռք բերել:





























