Աշխարհի մայրաքաղաքների մեջ մեկ սենյականոց բնակարանի համար ամենաթանկ վարձը պահանջում են Լոնդոնում, ամենաէժանը՝ Կահիրեում:
Այսպես, մեկ սենյականոց բնակարան վարձելու համար օգոստոսին ամենաշատ գումարը վճարում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում. այնտեղ վարձավճարը կենտրոնում բնակարանի համար 2800 դոլար է, իսկ քաղաքի ծայրամասում՝ 2100 դոլար։
Հաջորդը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնն է, որտեղ բնակարանը կենտրոնում կարժենա 2500 դոլար, կենտրոնից դուրս՝ 2000 դոլար։
Երրորդ տեղում Իռլանդիայի Դուբլինն է, որտեղ քաղաքի սրտում մեկ սենյականոց բնակարանի համար պահանջում են ամսական վճարել 2200 դոլար, իսկ կենտրոնից դուրս՝ բնակարանի վարձը՝ 1900 դոլար է։
Լավագույն հնգյակը եզրափակում են Ամստերդամը (Նիդեռլանդներ) և Ռեյկյավիկը (Իսլանդիա). այստեղ մեկ սենյականոց բնակարանի վարձավճարը ամսական նստում է միջինը 2000-1800 դոլար։
Տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը՝ 1840 դոլար միջին վարձավճարով, Կանբերան (Ավստրալիա)՝ 1790 դոլար, Կոպենհագենը (Դանիա)՝ 1530 դոլար, Օտտավան (Կանադա)՝ 1360 դոլար և Օսլոն (Նորվեգիա)՝ 1300 դոլար։
Ըստ РИА Новости-ի՝ Մոսկվան այդ «թանկարժեք» վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնականում է՝ 682 դոլար վարձակալության միջին արժեքով։
Ամենաէժանը պարզվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն է՝ այստեղ մեկ սենյականոց բնակարանը կենտրոնում արժե 209 դոլար, իսկ քաղաքի ծայրամասում՝ 136 դոլար։
Հաջորդը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին է, որտեղ բնակարանը կենտրոնում կնստի 268 դոլար, իսկ կենտրոնից դուրս` 151 դոլար, Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` համապատասխանաբար 339 և 225 դոլար:





























