ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը հայտնել է, որ «եկել է 23-ամյա առավելագույն առանցքային տոկոսադրույքի իջեցման ժամանակը»։ Նա չի ասել սակայն, թե երբ է փոխվելու տոկոսադրույքը, տեղեկացրել է Euronews-ը։ Սպասվում է, որ ԴՊՀ-ն կհայտարարի ոչ մեծ իջեցման մասին՝ քառորդ կետով սեպտեմբերի կեսին։
«Ուղղությունը պարզ է, իսկ դրույքների իջեցման ժամկետը եւ տեմպերը կախված կլինեն ստացվող փողերից։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցենք աշխատանքի ուժեղ շուկային գնային կայունության պահպանման հարցում»,- ասել է նա։
Իր ծրագրային ելույթում (Վայոմինգի նահանգ, Ջեքսոն Հոուլ, ԴՊՀ տնտեսական համաժողով) Փաուելը ընդգծել է, որ գնաճը վնաս է պատճառել միլիոնավոր տնային տնտեսությունների, բայց այն զգալի չափով վերահսկվում է։
«Մեր նպատակը գնային կայունության վերականգնումն է՝ խուսափելով գործազրկության կտրուկ աճից, որը բնորոշ է եղել նախորդ ապագնաճային փուլերին, երբ գնաճային ակնկալիքները պակաս կայուն էին։ Թեեւ խնդիրը դեռ լուծված չէ, մենք հասել ենք զգալի առաջընթացի այդ նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։
ԴՊՀ ցուցանիշի համաձայն՝ անցած ամիս գնաճը նվազել է մինչեւ 2,5 տոկոսի, ինչը շատ ավելի ցածր է 7,1 տոկոս բարձրակետային մեծությունից, որը կար երկու տարի առաջ, եւ միայն մի փոքր է գերազանցում կենտրոնական բանկի 2 տոկոսանոց թիրախային մակարդակը։
ԴՊՀ նախագահը հայտնել է, որ տոկոսադրույքների նվազումը պետք է աջակցի տնտեսության աճին եւ ավելացնի աշխատատեղերը։
Աճի շարունակումը կարող է նպաստել փոխնախագահ Քամալա Հարիսի նախագահական ընտրապայքարին, թեեւ ամերիկացիների մեծ մասն ասում է, որ դժգոհ է Բայդենի վարչակազմի տնտեսական արդյունքներից հիմնականում այն պատճառով, որ միջին գները մնում են շատ ավելի բարձր, քան COVID-19 համավարակից առաջ էր։
Փաուելի խոսքով՝ «բոլոր հիմքերը կան կարծելու», որ տոկոսադրույքների իջեցումը թույլ կտա տնտեսությանը վերադառնալ 2 տոկոսանոց գնաճի մակարդակին աշխատանքի ուժեղ շուկայի պահպանման դեպքում։
Սեպտեմբերի կեսին տոկոսադրույքի իջեցումը (նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ) կարող է անցանկալի քաղաքական արձագանք առաջացնել ԴՊՀ-ում, որը ձգտում է կապ չունենալ ընտրարշավի հետ։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ ԴՊՀ-ն չպետք է նվազեցնի տոկոսադրույքներն ընտրություններին այդքան մոտ ժամանակ։
Սակայն Փաուելը քանիցս ընդգծել է, որ կենտրոնական բանկը տոկոսադրույքների մասին որոշումները կկայացնի՝ հիմնվելով բացառապես տնտեսական տվյալների վրա, ուշադրություն չդարձնելով քաղաքական օրացույցին։



























