Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ղեկավարել է անօդաչուների փորձարկումները, որոնք ստեղծվել են Ազգային պաշտպանության ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտում, տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Կիմ Չեն Ընը հետեւել է տեխնիկայի հնարավորություններին օգոստոսի 24-ին։ Ներկայացված անօդաչուները նախատեսված են «ցանկացած թիրախ խոցելու համար ցամաքում եւ ծովում, տարբեր հեռավորության վրա»։ Դրոններն անցել են նախապես որոշված երթուղով, հայտնաբերել թիրախը եւ ոչնչացրել այն, նշել է գործակալությունը։

Կիմ Չեն Ընը նշել է, որ պատերազմին պատրաստվելիս կարեւոր տեղ են զբաղեցնում տարբեր տեսակի անօդաչուների ստեղծումն ու դրանց բնութագրերի բարելավումը։ Նրա խոսքով՝ պետք է ավելացնել ոչ միայն ռազմավարական հետախույզ- անօդաչուների եւ բազմաթիրախ հարվածային անօդաչուների, այլեւ կամիկաձե-դրոնների արտադրությունը տակտիկական հետեւակային ստորաբաժանումների համար։

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան, որպես ծովային երկիր, պետք է ստեղծի ոչ միայն ռազմավարական սպառազինություններ, ինչպիսին են միջուկային տորպեդոները», այլեւ ստորջրյա հարվածային հեռահար կառավարվող սարքեր։ Կիմ Չեն Ընը գոհ է մնացել նոր անօդաչուների փորձարկումներից եւ ասել, որ նման սպառազինությունը պետք է որքան հնարավոր է շուտ տրամադրել Կորեական ժողովրդական բանակին։