Վենետիկը նոր գոնդոլավարներ է փնտրում, ընդ որում նրանց եկամուտը հասնում է տարեկան 150 հազար եվրոյի, գրում է գերմանական Bild պարբերականը։ Այս աշխատանքի համար հավաքագրումը չափազանց հազվադեպ իրադարձություն է, սովորաբար գոնդոլի արտոնագրերը ժառանգաբար են փոխանցվում: Քիչ չէ՝ հաջողակ թեկնածուներին բախտ է վիճակվում զբոսաշրջիկներին փոխադրելՎենետիկի ռոմանտիկ ջրանցքներով, հետն էլ գոնդոլավարները լավ փող են վաստակում:

Ապագա մակույկավարները պետք է խոսեն իտալերեն, լինեն առողջ, գերազանց լողան, կարողանան առաջին օգնությունը ցուցաբերել և անգիր իմանան Վենետիկի պատմությունը: Թրեյնինգն արժե 1000 եվրո և տևում է վեց ամիս, բայց այն արագ հատուցվում է։

Վենետիկյան մակույկով կես ժամ նավարկելու համար զբոսաշրջիկները վճարում են մոտ 80 եվրո, իսկ երեկոյան ժամը յոթից հետո գինը բարձրանում է, հասնելով մինչև 100 եվրոյի: Երգել կամ երաժշտական ​​գործիք նվագել իմացող գոնդոլավարներն ավելի շատ են վաստակում։