Ռազմավարական որոշումներն ընդունում է Միացյալ Նահանգները, ոչ թե Հայաստանի վարչապետը։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նա պարզաբանել է, որ նման որոշումների շարքից են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կամ չդուրս գալու որոշումը, հայ-ամերիկյան վարժանքների անցկացումը և այլն։

«Զանգեզուրի միջանցքի օդային տարածքը բաց է: Սա Արևմուտքին հնարավորություն է ընձեռում Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր։

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումից հետո Հայաստան են ժամանել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ինքնաթիռներ, դրանց թվում՝ ամերիկյան»,- հավելեց Նահապետյանը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության թեմային՝ փորձագետը պարզաբանել է, որ ուկրաինական զինված ուժերի՝ Կուրսկի մարզ ներթափանցման նպատակներն են եղել գրավել Կուրչատովի ատոմակայանը կամ ՌԴ իշխանությունների նկատմամբ ռուսաստանյան հասարակության մեջ դժգոհության մթնոլորտ ստեղծելը, այնուհետև՝ փողոցային բողոքի ցույցերի անցկացումը:

«Արևմուտքի երրորդ ծրագիրն այն էր, որ Ռուսաստանը Կուրսկի մարզում տեղի ունեցած իրադարձություններից հետո անցնի կոշտ միջոցների, որոնք կարող են ուղեկցվել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերով։

ՆԱՏՕ-ն այս պատրվակով կարող էր 300-500 հազարանոց զորքեր ուղարկել։ Բացի դրանից, ռազմական ​​գործողությունների գոտու օդային տարածքում կհայտնվեր 800-ից մինչև 1000 ինքնաթիռ, որը կարող էր չեզոքացնել օդում Ռուսաստանի գերազանցությունն ու առհասարակ՝ ռուսական բանակի առավելությունը։

Այս դեպքում չի բացառվում, որ Ռուսաստանը կարող էր մարտավարական միջուկային զենք կիրառեր»,- եզրափակել է Նահապետյանը։